ՀՀ 2016 պետբյուջեն կանխատեսված է գլոբալ իրողությունների ոչ դրական ազդակների հիման վրա
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեն կանխատեսված է գլոբալ իրողությունների ոչ դրական ազդակների հիման վրա: Նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Ամենացավալին այն է, որ այդ բացասական ազդակների հիմքում ոչ թե տնտեսական կամ ֆինանսական գործոններ են, որոնք այս կամ այն կերպ կարելի է կանխատեսել, այլ քաղաքական են, որը շատ դժվար է կանխատեսել»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ 2016թ. պետական բյուջեն ձևավորվել է` հաշվի առնելով այդ բոլոր մարտահրավերները: Մինասյանը նաև հավելեց, որ եկող տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի 2.2 տոկոս աճ, ՀՆԱ-ի մակարդակով 3.5 տոկոս դեֆիցիտ, 4 ± 1.5 տոկոս գնաճ: Բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 373 միլիարդ դրամ: