Այգեպատցիների վնասները կփոխհատուցվեն. վստահեցնում է ՀԷՑ-ի մամուլի քարտուղարը
ՀասարակությունOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ այս գիշեր հոսանքի տատանման պատճառով շարքից դուրս են եկել Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչների տների էլեկտրական սարքավորումները:
Նշենք նաև, որ, բարեբախտաբար, հոսանքի տատանման հետևանքով հրդեհ չի բռնկվել, ոչ էլ մարդկային վնասներ են եղել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ Արարատի մարզի այլ բնակավայրերում նման խնդիր չի եղել, քանի որ Այգեպատին հոսանք մատակարարող էլեկտրական հաղորդալարերն այլ բնակավայրերով չեն անցնում:
«Մեկ ուղղությունով է հոսանքը մատակարարվում Այգեպատ գյուղում, այդ պատճառով էլ այլ բնակավայրեր չեն տուժել: Բոլոր վնասները կփոխհատուցվեն:
Ինչ վերաբերոմ է վնասների չափին, ապա ավելի մանրամասն տեղեկություն ավելի ուշ կտրամադրենք, քանի որ այն դեռ ճշտվում է: Խոսքը մոտ 25-30 տան մասին է»,- ասաց Ն.Սարջանյանը:
Արմինե Գրիգորյան