Երևանում քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալները կտեղափոխվեն
ՀասարակությունԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ գույքագրվում են փողոցների մայթերում հետիոտնի ազատ տեղաշարժը խոչընդոտող վճարային տերմինալներն ու տարաբնույթ սարքավորումները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ շաբաթ գույքագրվել է նմանատիպ 90 սարքավորում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր դրանք մայթերի այլ հատվածներ տեղափոխելու ուղղությամբ:
«Պետք է գույքագրել ոչ միայն վճարային տերմինալները, այլ նաև բոլոր այն սարքավորումները, որոնք խոչընդոտում են մեր քաղաքացիների ազատ տեղաշարժին ու կարճ ժամանակում պետք է տեղափոխվեն մայթերի այլ հատվածներ: Եվ ընդհանրապես, խստորեն հետևեք տվյալ սարքավորումների տեղադրման գործընթացին: Ոչ թե մենք և մեր համաքաղաքացիները պետք է հարմարվենք սպասարկող կազմակերպությանը, այլ իրենք են պարտավոր ենթարկվել հստակ առաջադրվող պահանջներին ու կատարել դրանք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 65 վարչական արձանագրություն: