2015 թվականը շատ հաջողակ է հայ-լիբանանյան համագործակցության համար. դեսպան
ՀասարակությունՀայաստանը պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունի Լիբանանի հետ: Երկու երկրներն իրենց երկարամյա սերտ հարաբերություններն ամրագրել են մշտապես իրար աջակից լինելու պատրաստակամությամբ: Լիբանանի անկախության տոնին նվիրված ընդունելության ժամանակ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսա կետ հայտնեց ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարուն:
Դեսպանի գնահատմամբ` 2015 թվականը շատ հաջողակ է եղել քաղաքական, տնտեսական ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության համար: Լիբանանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ: Իսկ մարտին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Լիբանանի զինված ուժերի պատվիրակությունը: Դեսպանը գոհունակությամբ հիշատակեց նաև, որ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահ առաքելության շրջանակում Հայաստանը զինծառայողներ է ուղարկել Լիբանան:
«Հարաբերությունները զարգացել են առևտրի և ներդրումների, մշակույթի ոլորտներում: Հայաստանը և Լիբանանը պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն: Այսօր աշխարը լարված ժամանակներ է ապրում: Լիբանանը որքան շատ մարտահրավերների է առերեսվում, այնքան ուժեղ է դառնում: Սա լիբանանցիների առանձնահատկությունն է»,- ասաց դեսպանը:
Լիբանանի անկախության տոնին նվիրված ընդունելությանը ներկա էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպաններ:
Երեկոյի մեկնարկին հնչեց Լիբանանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգները: