ԱԱԾ մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում
ՀասարակությունOrer.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն` վնասազերծելով մինչև ատամները զինված մի խումբ անձանց:
ԱԱԾ մամուլի տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն` ԱԱԾ-ն, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն` դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը` կանայք, են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։
Կազմակերպված խմբի անդամներն ապօրինի ձեռք են բերել զենք, ռազմամթերք, որոնք պահել են Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցի 78-րդ տանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:
ԱԱԾ-ի տեղեկացմամաբ` 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք:
Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝ 6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով, 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են), 1 հատ պայթեցման սարք, 1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50», Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ, մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ, 11 հատ «Ֆ1» նռնակներ, 46 հատ «ՌԳ» նռնակներ, 3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:
Բացի այդ հայտնաբերվել են նաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։
«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են»,- ասվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տարածած հաղորդագրությունում: