Մահացել է ռեժիսոր Էլդար Ռյազանովը
ՀասարակությունԿյանքի 89-րդ տարում Մոսկվայում մահացել է կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այդ մասին նոյեմբերի 30-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ընտանիքի ընկերներից մեկը:
«Էլդար Ալեքսանդրովիչը մահացել է հիվանդանոցում այսօր գիշերը՝ սրտային անբավարարությունից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել էր նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա արդեն բուժվել էր հոկտեմբերին եւ սեպտեմբերին:
Ռյազանովը ծնվել է 1927 թվականին Սամարայի մարզում: 1950 թվականին նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի պետական համամիութենական ինստիտուտը:
Ռեժիսորը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից ամենանշանավորներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները: