Հաշմանդամություն ունեցողների անձանց մասին օրենքի նախագիծը խտրականության վերացման հնարավորություն է
Հասարակություն«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը բոլորովին նոր պահանջներ է դնում: Օրենքի նախագծով առավել ուշադրություն է դարձվելու հաշմանադամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ապահովմանն ու խտրականության վերացմանը: Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Նոր օրենքի նախագիծն հնարավորություն կտա լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Նախկին օրենքի համեմատ էական է տարբերությունը, նոր է քաղաքականությունը: Օրենքի նախագիծը հնարավորություն է հաշմանդամություն ունեցողներին ներգրավել զբաղվածության ծրագրերում, աշխատանքի մեջ: Հասարակական հարաբերություններին առնչվող ցանկացած ոլորտում նրանց տալ հնարավորություններ, որպեսզի կարողանան իրացնել իրենց իրավունքները»,- հավելեց նախարարը:
Նա նշեց , որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման կարճ ճանապարհը հասարակությունում լիարժեք ներառված լինելն է: Անդրադառնալով հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին՝ նախարարը նշեց, որ տարբեր ծրագրեր են իրականացվում, նախատեսվում է, որ չափավոր մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք ևս ներգրաված լինեն հասարակական կյանքում: