Հայաստանը Քոչարի խմբապարի վերաբերյալ լրամշակված հայտը կներկայացնի ՅՈւՆԵՍԿՕ-ի քննարկմանը
ՄշակույթՆամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում նոյեմբերի 30-ից իր աշխատանքն է սկսել ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, կոմիտեն, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու համար ներկայացված 35 հայտ, որոնց թվում է նաև Հայաստանի Հանրապետությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի` «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը:
Հայաստանյան պատվիրակության ներկայացրած փաստարկների շնորհիվ կոմիտեն վերանայել է փորձագիտական խմբի նախնական որոշումը: Կոմիտեի անդամների, փորձագետների և ՀՀ պատվիրակության անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում` կոմիտեն հաստատել է, որ Քոչարի ավանդական խմբապարը, լինելով ազգային ինքնության դրսևորում, տարածված է Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը լրամշակված հայտը կներկայացնի կոմիտեի հետագա քննարկմանը: