Տավուշի հոգևոր առաջնորդն Ամանորին կայցելի սահմանապահ գյուղերի դպրոցներ
ՀասարակությունՆոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հովվական այցելություններ կկատարվեն թեմի սահմանապահ գյուղերի դպրոցներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատ Սրբազանը:
«Ուրախ եմ հայտնել, որ մեր այս նախաձեռնությանը միանալու ցանկություն են հայտնել Մայր Աթոռի սոցիալական գրասենյակը, ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամը, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Կարաս» ազգային սննդի ցանցը, World Vision-ի Տավուշի տարածքային զարգացման գրասենյակը և անհատ անձինք թե՛ Հայաստանից և թե՛արտերկրից: Քանի որ այսքան ջերմ աջակցություն է հայտնվել, որոշեցինք գյուղերի թիվն ընդլայնել` ներառելով շուրջ 6 հազար ուսուցիչ և աշակերտ: Հայտնում եմ նաև, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան Իջևանի կենտ րոնական հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ հայտնի երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի նախաձեռնությամբ և սիրված արվեստագետների մասնակցությամբ:
Այս ծրագրին ակտիվորեն մասնակցում են մեր թեմի նորաստեղծ երիտասարդական միությունը և Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու նորակազմ տիկնանց միությունը: Ցանկանում եմ շեշտել, որ մեր նպատակը «օժանդակություն կամ օգնություն բաժանելը» չէ, այլ այն տեղի է ունենում մեր հովվական այցելությունների շրջանակներում՝ սա մեր պարտքն է և նաև մեր սահմանապահ ժողովրդին շնորհակալություն և շնորհավորանքներ հայտնելու զգացումը»,-գրել է Սրբազանը` նշելով նաև ժամանակացույցը:
Իջևանի շրջան կայցելեն դեկտեմբերի 22-23-ին, Բերդի և Նոյեմբերյանի շրջաններ` դեկտեմբերի 25-29-ին: