ՏԿԱԻՆ-ն աշակերտներին ծանոթացնում է սեյսմապաշտպանության վարքականոններին
ՀասարակությունՍպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը կազմակերպում է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դասընթացների շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն են այցելել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի հինգերորդ դասարանի 30 աշակերտներ և բնագիտության ուսուցչուհին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Հասմիկ Կիրակոսյանը, Կարինե Բարսեղյանը և Թերեզա Խաչատրյանը աշակերտներին ներկայացրել են, թե ինչ խնդիրներ է լուծում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Այնուհետև ներկայացվել են մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և դրանից հետո անհրաժեշտ վարքականոնները: Մասնագետները ներկայացրել են նաև երկրաշարժը կանխազգող կենդանիների վարքի մասին զեկույց:
Հանդիպումն անցել է հետաքրքիր հարցադրումներով, մեկնաբանություններով և պարզաբանումներով: Աշակերտների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին տրվել են ամբողջական և հիմնավոր պատասխաններ: Ուսուցչուհու խնդրանքով ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները կկազմակերպեն նաև երեխաների այցը Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ նրանք կտեսնեն սեյսմիկ մոնիթորինգի նորագույն սարքերը և կծանոթանան դրանց աշխատանքի սկզբունքներին: