Ադրբեջանի զինուժի դիվերսիոն փորձը հետ է մղվել. հայկական կողմն ունի մեկ զոհ
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (197 արկ), 82 (43 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (14 արկ), ՌԳՊ-7 (1 արկ) նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից (4 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խա խտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվում են պատժիչ գործողություններ` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: