Երևանի 10/8 տեղամասում քվեարկությունը նորմալ է ընթանում
ՀասարակությունԵրևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 10/8 տեղամասում քվեարկությունը նորմալ է ընթանում, միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Բաղդասարյանը: «Տեղամասն, ինչպես կարգն է, բացվել է ժամը 08:00-ին: Մինչև այժմ ընտրողների քանակը 100 է: Ընդհանուր ունենք 1995 ընտրող: Ակտիվությունը նորմալ է, ցերեկը կաշխուժանա: Միջադեպեր չեն գրանցվել, արտառոց դեպքեր`նույնպես: Ընդհանուր ամեն ինչ նորմալ է ընթանում, եղել է, որ քաղաքացու անունը չի եղել ցուցակում, ոստիկանության կողմից համապատասխան տեղեկանքով եկել, ընտրել է»,- նշեց նա:
Ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մասնակից դիտորդները նշեցին, որ տեղամասում արտառոց ոչինչ չեն նկատել:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին՝ 08:00-ին, բացվել են Սահմանադրական փոփոխությունների քվեարկության 41 ընտրատարածքների 1989 տեղամասերը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: