Շիրակի մարզպետը կատարեց իր քաղաքացիական պարտքը
ՀասարակությունՇիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց ժամը 11:00-ին Գյումրու թիվ 2 դպրոցում տեղակայված 35/27 ընտրատեղամասում: «Ահազանգեր այս պահին չենք ստացել: Ուզում եմ դիմել ինչպես հանձնաժողովներին, այնպես էլ հասարակությանը, որ բոլորը փորձեն լինել անաչառ, օրենքի սահմաններում. չէի ուզենա, որ մարզում որևէ արտառոց բան լիներ: Այդ պահանջը նաև դրված է այն պատասխանատուների առջև, ովքեր զբաղված են այս գործընթացի մեջ»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցում է նորմալ տրամադրությամբ՝ հանուն փոփոխությունների:
Շիրակի մարզում ժամը 11-ի դրությամբ քաղաքացիների ակտիվությունն այնքան էլ մեծ չէր: Նրանց ակտիվության և հանրաքվեին մասնակցելու կոչով դիմեց մարզպետը, ով ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշը կապեց օրվա ժամի և ցրտի հետ: «Դեռ շուտ է, և մի փոքր էլ եղանակը ցուրտ, հավանաբար մասնակցության թիվը ավելի ուշ կաճի: Կարծում եմ, այնուամենայնիվ, որոշակի թիվ կլինի»,-նշեց մարզպետը:
Ընտրատեղամասի նախագահ Սամվել Գրիգորյանը տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1217 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 54-ը: Տ եղական դիտորդներն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ որևէ արտառոց դեպք չի գրանցվել:
Արմենուհի Մխոյան