Հայաստանում ծպտյալ կրոնական կառույցները երեք անգամ շատ են գրանցվածներից. Ալեքսանդր Ամարյան
ՀասարակությունՀայաստանում գրանցված է 65 կրոնական կառույց, իսկ ավելի քան 200 տարբեր կրոնական կառույցներ քողարկված են տարբեր կրթական և բարեգործական համալիրների անվան տակ: Այս մասին դեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Քանի որ ազգաբնակչության հիմնական հատվածը սուր է ընդունում կրոնական կառույցները, շատ կրոնական կազմակերպություններ քողարկվում են կրթական և բարեգործական ընկերությունների ներքո, որպեսզի ավելի հեշտ լինի աշխատել մարդկանց հետ»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավարը, խոսելով 2015 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցված նոր կրոնական կառույցների մասին, նկատեց, որ այս տարի ընդամենը մեկ կազմակերպություն է գրանցվել: Դրա հիմնադիրները, տարակարծիք լինելով առաքելական եկեղեցու հետ, անջատվել են և ստեղծել նոր կրոնական կառույցը:
Ալեքսանդր Ամարյանը՝ համեմատելով այսօր Հայաստանում ազգաբնակչության կողմից կրոնական կառույցների և դրանց ծագումնաբանության վերաբերյալ տեղեկացված լինելու մակարդակը 2003 թվականի հետ, հավատացրեց, որ այսօր ժողովուրդը նոր կրոնական կառույցների մասին ավելի տեղեկացված է, քան նախկինում: