Գեղհովիտի նորաստեղծ թաղամասն էլեկտրաֆիկացման կարիք ունի
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի նորաստեղծ թաղամասի ընտանիքներն այս պահին չեն կարողանում օգտվել էլեկտրաէներգիայից` տրանսֆորմատորային ենթակայանի եւ հաղորդման գծերի բացակայության պատճառով:
Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանն «Արմենպրես»-ի հեզ զրույցում տեղեկացրեց, որ գյուղի արեւմտյան եզրին գտնվող նորաստեղծ «Չայիրներ» թաղամասում այժմ ապրում է 5 ընտանիք, որոնք զրկված են էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորությունից, իսկ 12 նորաստեղծ ընտանիքներ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել նշված թաղամասում:
«Հարցը ներկայացրել ենք Գեղարքունիքի մարզպետարան, խնդրի լուծման նպատակով համագործակցում ենք «Հայկական էլցանցեր» ընկերության Մարտունու տեղամասի հետ: Հարցին լուծում տալու համար հարկավոր է կառուցել ցածր լարման ենթակայան, անցկացնել մոտ 500 մետր երկարությամբ ցածր լարման հաղորդման գծեր:Համատեղ ուժերով կփորձենք հասնել նրան, որ մինչեւ Ամանոր նոր թաղամասի բնակիչներն ապահովվեն էլեկտրաէներգիայով»,-նշեց համայնքի ղեկավարը:
Գեղհովիտի գյուղապետարանի տվյալների համաձայն, համայնքում տարեկան գրանցվում է 80-100 ծնունդ, 15-20 ամուսնություն, կառուցվում է 3-5 նոր բնակարան:
Խոսրով Խլղաթյան