Մենք՝ բոլորս, Հայաստանում անուն առ անուն գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին. Նաիրա Զոհրաբյան
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցի քնարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե ինչքան կեղծ դեղեր են ներմուծվել ՀՀ, ասաց. «2013-14թթ. տվյալներով՝ 151 վարչական վարույթ է հարուցվել դեղերի գրացման-չգրանցման եւ կեղծ դեղերի հետ կապված, հայտնաբերվել է 170 անվանում չգրանցված դեղ, ինչը շրջանառության խախտում է եւ եղել է 1 անուն կեղծ դեղի հայտնաբերում, որի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները»:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց. «Խոշորագույն դեղագործական ընկերություններում հատուկ երրորդ կարգի երկրների համար արտադրվում են դեղեր, ավելի էժան, որտեղ ազդող կոմպոնենտը գրեթե զրոյական է: Մենք՝ բոլորս, Հայաստանում անուն առ անուն գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, բոլոր հանցագործներին, որոնք վաղուց պետք է նստած լինեին, որովհետեւ նրանք մանկական սնունդ են կեղծում, նրանք մանկական դեղ են կեղծում, ներկրում են կեղծ դեղեր, որտեղ ազդող կոմպոնենտը կամ ընդհանրապես չկա կամ հակառակ ազդեցություն է ունենում»:
ԲՀԿ առաջնորդը նաեւ հարց ուղղեց՝ հարցնելով, թե կոնվենցիայի վավերացման արդյունքում ինչպես կկարողանանք քրեական պատասխանատվություն կիրառել, ով է բռնելու կեղծ մանկական սնունդ ներկրող հանցագործների, հայ մաֆիոզների ձեռքը: Ս.Խաչատրյանն էլ պատասխանեց. «Աշխարհում կեղծ դեղերի արտադրության ժամանակ նույնիսկ թունավոր նյութեր կարող են օգտագործվել, թեեւ ՀՀ-ում նման բան չի գրանցվել. Բարդ խնդիր է, միայն առողջապահության ոլորտի դաշտում չէ, վերաբերում է սահմանային հսկողությանը, հարկային դաշտին, գների կարգավորման դաշտին եւ խնդրիների կողմպլեքս լուծում է անհրաժեշտ: Իրականում, ամենօրյա աշխատանք է տարվում կեղծ դեղերի հայտնաբերման, դրանց շրջանառությունից դուրս բերման եւ բնակչությանը վնաս չպատճառելու գործընթացում»:
Սոսե Չանդոյան