Օտարերկրյա դիվանագետներն այցելել են Լիբանանում Հայոց ցեղասպանության թանգարան
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Լիբանանում Արգենտինայի, Գերմանիայի, Դանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Վատիկանի դեսպանները, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Կիպրոսի փոխդեսպանը, Լիբանանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներն այցելել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո գործող Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:
Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Այցելուները ծաղիկներ են դրել դանիացի միսիոներ Մարիա Ջեյքոփսոնի շիրիմին, այնուհետև հյուրերին ողջույնի խոսք է փոխանցել դեսպան Աշոտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի առաջին անգամ միջազգային մակարդակով նշվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
Ներկաները շրջագայել են թանգարանում, որտեղ ցուցադրված են զանազան փաստագրական նյութեր Հայոց ցեղասպանության, հայ որբերի, «Թռչնոց բույն» որբանոցի հիմնադրման և Մարիա Ջեյքոփսոնի մարդասիրական գործունեության վերաբերյալ: