Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պակ Ռո Բյոկին (նստավայրը` Մոսկվա):
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին, կարևոր է համարել, որ երկու պետությունների համար փոխհարաբերությունների նոր շրջան է բացվում, ինչի արդյունքում պիտի զորանան նաև միջմշակութային ու միջկրոնական կապերը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Կորեայի եկեղեցիների հետ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի համագործակցությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը վերհիշել է 2013 թ. Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովին բերած իր մասնակցությունը և շփումը Կորեայում գործող Քրիստոնեական եկեղեցիների հետ:
Իր հերթին Կորեայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կփորձի լավագույն կերպով նպաստել հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ընդլանմանն ու արդյունավետ գործակցության ամրապնդմանը:
Վերջում Նորին Սրբությունը Պակ Ռո Բյոկի` Հայաստանում իրականացվելիք դիվանագիտական առաքելությանը բարի արդյունավորում է մաղթել:
Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: