Հայաստանում հեռուստատեսության թվայնացման գործընթացը մոտենում է ավարտին
ՀասարակությունՀայաստանում ավարտին է մոտենում հեռուստատեսության թվայնացման գործընթացը:
Դրա հետ կապված, ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լիցենզավորման մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ այս փոփոխություններով դաշտում հայտնվում է նոր դերակատար՝ մասնավոր մուլտիպլեկսոր:
«Դա այն ընկերությունն է, որն իր սեփական ենթակառուցվածքի միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում այլընտրանքային հեռուստատեսության սփռման հնարավորությունները»,- նշեց Առաքելյանը:
Նա նաև հավելեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթով թույլատրվելու է նաև մարզային հեռուստաընկերությունների գործունեությունը: «Բարձրաձայնվում էր այն հարցը, որ տեղական ընկերությունները, որոնք 2015 թվականի ընթացքում հեռարձակվում են, հնարավորություն չեն ունենա հեռարձակվել այլևս, և մենք կսահմանափակենք նրանց իրավունքը: Այս փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի թույլտվություն տրվի, որ այն ընկերությունները, որոնք դաշտում այս պահին առկա են, շարունակեն հեռարձակվել, մինչև մասնավոր մուլտիպլեկսորի ձևավորումը: Ընդ որում, նրանց այդ իրավունք ը կտրամադրվի անվճար»,- ընդգծեց փոխնախարարը:
Հայաստանն մբողջությամբ թվային հեռուստատեսության կանցնի 2016թ. հունվարի 1-ից: