Կառավարությունը կսահմանի պետական դրոշի և զինանշանի կիրառության էտալոնային ձևը
ՀասարակությունԿառավարությունը հնարավորություն կստանա սահմանել ՀՀ պետական զինանշանի և դրոշի հստակ ստանդարտ, որը կդրվի մասսայական կիրառության մեջ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ պետական զինանշանի մասին և պետական դրոշի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը կարողանա պետական դրոշի կամ զինանշանի գործածության դեպքում սահմանել օգտագործման տեխնիկական պահանջները՝ գունային գաման, տարածական և գրաֆիկական տեսքը:
«Այս պահին մենք չունենք հստակ սահմանված ստանդարտ, ինչի հետևանքով ցանկացած ոք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակահատվածում կարող է էլեկտրոնային եղանակով, պահպանելով դրոշի կամ զինանշանի արտաքին տեսքը, իր ցանկությամբ իրականացնել որոշակի շտկումներ և օգտագործել դրանք: Մեր առաջարկն էլ այն է, որպեսզի պետական ստանդարտով հստակ սահմանվի, թե որն է դրոշի և զինանշանի այն էտալոնային ձևը, որը պետք է դրվի զանգվածային կիրառության մեջ»,- ընդգծեց փոխնախարարը:
Փոխնախարարը հստակեցրեց, որ օրենքի նախագծերի ընդունմամբ զինանշանը մնալու է նույնը, որևէ փոփոխութան չի ենթարկվելու, պարզապես նախատեսվում են տեխնիկական փոփոխություններ, սահմանվելու է հստակ պետական ստանդարտ: