Քաղաքացին մեղադրվում է թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ. Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ. Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն օրը` ժամը 12:30-ի սահմաններում, կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և քվեարկել եղբոր փոխարեն: Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից, ինչի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Վայքի բաժնում:
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
2015թ. դեկտեմբերի 8-ին Վ. Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դեկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել ցուցմունքներ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: