«Ֆեյսբուքը» նորից փոխում է խաղի կանոնները
Հասարակություն«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստվում են իրենց քաղաքականության մեջ կրկին որոշ փոփոխություններ կատարել: Փոփոխություններն այս անգամ կրկին վերաբերելու են օգտատերերի անուններին: Փաստորեն, այսուհետ սոցցանցից օգտվողները պետք է ստիպված լինեն կրկին միայն իրենց իսկական անուններով էջեր գրանցել:
Ավելի վաղ մի շարք ակտիվիստներ դիմել են «Ֆեյսբուք»-ի ղեկավարությանը՝ պահանջելով վերանայել օգտատերերի իրավունքները և նշել, որ նրանք ոչ միայն իրենց սեփական անունով պետք է կարողանան գրանցվել, այլև մականունով, քանի որ դա օգտատիրոջ իրավունքն է: Հասարակական ակտիվիստների նման պահանջից հետո ընկերությունը որոշ վերանայումներով թույլատրեց սոցիալական ցանցում գրանցվել նաև մականուններով՝ նշելով, որ նման թույլտվության նպատակը հասարակության կողմից մարդկանց բռնությունների ենթարկվելուց զերծ պահելն է:
Այնուամենայնիվ, ընկերությունը շարունակում է հայտարարել, որ ավելի շատ հավանություն է տալիս այն օգտատերերի պահանջներին, ովքեր իրենց անվամբ են գրանցված ցանցում, քան այլ անուններով: Այս խնդրի շուրջ այս տարվա հուլիսին տեղեկություն տարածվեց, որ ցանցի ադմինիստրացիան արգելափակել է մի գերմանացու էջը, այն այլ անունով գրանցված լինելու պատճառով: Հետագայում առանց օգտատիրոջ թույլտվությունը ստանալու վերջինս ձեռք էր բերել նաև նրա իրական տվյալները, ինչն էլ դարձել էր կոնֆլիկտի պատճառ:
Ա.Գ.