Դանիայում ցուցադրվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր
ՀասարակությունՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում դեկտեմբերի 12-13-ը Դանիայում ՀՀ դեսպանությունը Դանիայի ֆիլմինստիտուտի հետ համատեղ կազմակերպել էր «Փրկության քարտեզ» (2015թ.) և «Նահապետ» (1977թ.) ֆիլմերի ցուցադրությունը Կոպենհագեն և Օրհուս քաղաքներում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախա րարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից,
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային-փաստավավերագրական ֆիլմը պատմում է հինգ մարդասերների` Մարիա Յակոբսենի, Կարեն Եփփեի, Բոդիլ Բյորնի, Ալմա Յոհանսոնի և Աննա Բյուլի մասին, որոնք փրկել և նոր կյանք են տվել ցեղասպանության տարիներին որբացած հազարավոր հայ մանուկներին և մազապուրծ եղած կանանց:
Ֆիլմերի ցուցադրությանը նախորդած իր ելույթում դեսպան Հրաչյա Աղաջանյանը նշել է, որ Ցեղասպանության արհավիրքներով անցած հայ ժողովուրդը չկորցրեց մարդկության հանդեպ իր հավատքը նաև «Փրկության քարտեզ» ֆիլմում ներկայացված մեծ անհատների և մարդասերների շնորհիվ:
Ֆիլմինստիտուտի ծրագրերի խմբագիր Յեսպեր Անդերսենն իր հերթին նշել է, որ ֆիլմերի ցուցադրությունն անց է կացվում Ֆիլմինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Հանդիսատեսի հետ նաև հանդիպում են ունեցել ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը և ֆիլմը վարող ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը, իսկ «Նահապետ» ֆիլմը հանդիսատեսին է ներկայացրել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: