Մենք ավտոմատացնելու ենք համակարգը, որ մարդկային գործոնը հնարավորինս նվազի. Ա. Առաքելյան
ՀասարակությունԱյսօր ԱԺ արտահերթ նիստում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Եթե պետական բյուջեում գումարներ նախատեսված չեն այս նախագծի համար ու հերթական անգամ փորձում են բանակցել միջազգային կազմակերպությունների հետ ու գումարներ բերել, այդ դեպում անհասկանալի էր տրանսպորտի եւ կապի փոխնախարարի նշած 25-250 մլն դոլարի մասին խոսելը: «Բավականին մեծ ինտերվալ նշեցիք: Սրանից հետեւում է, որ որեւէ ռեալ, իրական հաշվարկ չի արվել: Ես կարծում եմ՝ որտեղ խառն է մարդկային գործոնը, այնտեղ շատ է կոռուպցիան: Մենք բոլորս էլ գիտենք, որ շատ բեռներ տեղափոխողներն ունենում են մեծ հովանավորներ, եւ շատ հավանական է, որ նրանք քաշը փոխեն ու օգտվեն այն ճանապարհներից, որտեղով անցնել նրանց չի կարելի: Այս անգամ կրկին անգամ տեղ ենք բացում ամենաթողության ու հովանավորչության համար»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքին ի պատասխան ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն ասաց. «Օրինակ՝ պորտատիվ կշեռքներն ավելի էժան են, ու ես մոտավոր ներկայացրեցի արժեքը: Քանի որ ծրագիրը դեռ քննարկվում է, մենք դեռ հստակ չգիտենք՝ քանի կշեռք պետք կգա: Ես հասկանում եմ՝ ինչ ռիսկի մասին եք դուք խոսում, սակայն մենք ավտոմատացնելու ենք համակարգը, որ մարդկային գործոնը հնարավորինս նվազի: Եթե ծրագիրը հասնի իր նպատակին, ապա այդ սարքերի օգտագործմամբ այլեւս հնարավոր չի լինի իդենտիֆիկացնել՝ ում բեռնատարն է»:
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի խոսքից հետո Նաիրա Զոհրաբյանը հիշեց աղքատի հայտնի անեկդոտը, երբ կոճակը կա, մնաց վերարկուն գտնեն: Մեջբերումից հետո նա հարց ուղղեց. «Դուք այս պահին ունե՞ք ֆինանսական աղբյուրներ, կա՞ն բանակցություններ, թե մոտավոր որտեղից պետք է ռեսուրսներ գտնեք նախագծի իրականացման համար»: Ա. Առաքելյանը պատասխանեց, որ Ասիական բանկի հետ բանակցություններ ունեն ու իրենք կվերահսկեն ամբողջ գործընթացը, որպեսզի, օրինակ տրակտորին արգելվի ասֆալտի վրայով երթեւեկել:
Սոսե Չանդոյան