«Գյումրի-2» ենթակայանի տեխնիկական համալրման համար կներդրվի 1,5 մլն եվրո
ՏնտեսությունՀՀ կառավարությունը կթույլատրի գերմանական KfW բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված 1 մլն 471 հազար եվրոն օգտագործել ենթակայանի շահագործման ու պահպանության համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմների (վերամբարձ կռունկներ, հենահարթակով ամբարձիչներ և այլն) և պահեստամասերի ձեռքբերման նպատակով:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
Առաջարկության վերաբերյալ ստացվել է նաև գերմանական KfW-ի համաձայնությունը: Հիմնավորման համաձայն` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի մասնագիտացված մեքենաների և սարքավորումների պակաս, ինչը երկարացնում է ընթացիկ նորոգումների և տեխնիկական և այլ գործոններով պայմանավորված էլեկտրահաղորդման ցանցի խափանումներին արձագանքելու տևողությունը:
2009թ. հունվարի 30-ին ՀՀ կառավարության, գերմանական KfW բանկի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրի շրջանակներում (վարկի գումարը` 14,6 մլն եվրո) ամբողջ ծավալով ավարտվել են «Գյումրի-2» 220 կՎ ենթակայանի շինարարական, մոնտաժային և կարգաբերման աշխատանքները և 2014թ. փետրվարին սարքավորումները դրվել են լարման տակ: