ԵԱՏՄ-ն եւ Իրանն սկսում են աշխատել ազատ առեւտրի գոտու շուրջ
ՏնտեսությունԵվրասիական տնտեսական միության երկրներն Իրանի հետ համատեղ սկսում են աշխատել ազատ առեւտրի գոտու շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլյեպնյովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությանը:
Կողմերը գործարկում են ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման հեռանկարների համատեղ հետազոտություն: Հետազոտական խումբը պետք է որոշի համաձայնագրից տնտեսական օգուտների մեծացման հնարավորությունները, կոնկրետ առաջարկներ ներկայացնի կողմերի պարտավորությունների հնարավոր ձեւաչափի ու շրջանակների վերաբերյալ:
«Իրանը մեզ համար ռազմավարական գործընկեր է: Միջազգային պատժամիջոցների ակնկալվող չեղարկումը նախադրյալներ կստեղծի Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կետի ձեւավորման համար, իսկ համաշխարհային տնտեսությանը Իսլամական Հանրապետության վերաինտեգրումը կընդլայնի համագործակցությունը «Մեծ Եվրասիայի» շրջանակներում»,- ասել է Սլեպնյովը:
2015 թվականի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ-ի երկրներից Իրան ապրանքների արտահանումը գերազանցել է 1,4 մլրդ դոլարը, իսկ ներմուծումը՝ 445 մլն դոլարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: