Օրվա բաղադրատոմսը. Էկլեր «Կարապներ»
LifestyleԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ջուր – 1/2 բաժակ
- շաքարավազ – 1 թ/գդ
- կարագ – 4 ճ/գդ
- աղ – 1 պտղունց
- ալյուր – 1/2 բաժակ
- ձու – 2 հատ
- Շոկոլադով միջուկի համար՝
- շոկոլադ սև – 120 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 120 գր(տաք)
- Հարած սերուցքի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 1 բաժակ
- վանիլին – 1 պտղունց
- շաքարավազ – 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Կաթսայի մեջ ենք լցնում սառը ջուր և դնում միջին ուժեղության կրակի վրա։ Ավելացնում ենք 1 պտղունց աղ, սերուցքային կարագ և հասցնում եռման աստիճանի։

- Եռալուն պես`վերցնում ենք կրակից և ալյուր ավելացնում։
Մեկ րոպե խառնելուց հետո այսպիսի` կարտոֆիլային խյուսի նման խմոր ենք ստանում։
- Ավելացնում ենք շաքարավազը, ևս 1 անգամ լավ խառնում ենք և 10 րոպե հանգիստ թողնում։

- Խմորը սառելուց հետո առաջին ձուն ենք ավելացնում։

- Այնքան խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։

- Այնուհետև ավելացնում ենք երկրորդ ձուն և նույնպես խառնում ենք։

- Այնքան ենք խառնում, որ ձուն լավ խառնվի խմորի հետ(ինչ-որ մի պահ Ձեզ կարող է թվալ, որ ձուն չի խառնվի խմորի հետ, բայց մի նահանջեք) և ստանանք ահա այսպիսի առաձգական կրեմ-պաստա։

- Եթե չունենք խոհարարական ներարկիչ, խմորը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և ծայրը կտրում։ Հունական ընկույզի չափով խմոր ենք լցնում յուղաթղթի վրա(մոտ 8-10 հատ դուրս կգա)։ Դրանք լինելու են կարապների մարմինները։

- Տապակը տեղափոխում ենք 230 աստիճան տաքությամբ ջեռոցը և 20 րոպե սպասում, մինչև խմորը վարդագույն երանգ ստանա։

- Այդ ընթացքում զբաղվենք կարապի վզիկներով։ Խմորը լցնում ենք տոպրակների մեջ, ծայրը կտրում ենք և տապակի վրա S-աձև պատկերներ գծում։ Գլխի հատվածում ավելի շատ ենք խմոր լցնում։

- Տեղափոխում ենք ջեռոց և թխում 10-12 րոպե։
Կարապի վզիկներն արդեն վարդագույն երանգ են ստացել և այսպիսի տեսք ունեն։
- Թողնում ենք սառչեն։ Ավելի լավ կլինի 30-40 րոպեով տապակը թողնենք դեռևս տաք, բայց անջատած ջեռոցում(ցանկալի է ջեռոցի դուռը բաց թողնել)։
Սառելուց հետո անցնում ենք մոնտաժային աշխատանքներին. կտրում ենք կարապի մարմնի վերևի հատվածը։
- Կտրված հատվածը երկու մասի ենք բաժանում։ Դրանք լինելու են մեր կարապների թևերը։

- Միջուկ. տաք սերուցքը լցնում ենք կտրտած շոկոլադի վրա և խառնում։

- 120 գր շոկոլադի հաշվարկով 120 գր յուղոտ սերուցք։ Խառնելուց հետո ստանում ենք թանձր շոկոլադե ջնարակ։

- Այժմ շոկոլադե ջնարակը լցնում ենք կարապի մարմնի մեջ` կիսով չափ ծածկելով այն։

- Մնացած ազատ տարածությունը լցնում ենք շաքարավազի և վանիլինի հետ հարած սերուցքով։

- Այնուհետև տեղադրում ենք կարապի թևերը…

- Ապա տեղադրում ենք գլուխը։ Պետք է գլուխը զգուշորեն տեղադրենք, որպեսզի չկոտրվի։

- Մատուցելուց 3-4 ժամ առաջ վրան շաքարի փոշի ենք լցնում և դնում սառնարանը։ Դա կդարձնի մեր կարապներին ավելի համեղ գեղեցիկ և նուրբ:

Որպեսզի ստանանք ուռուցիկ էկլեր ջեռոցի դուռը չենք բացում։ Եթե ժամանակ չունենք կարապ պատրաստելու, կարող ենք սովորական էկլերների տեսքով անել:)