Ինչպե՞ս դիմահարդարվել Ամանորին. Խորհորդ է տալիս ոճաբան-դիմահարդար Մերի Համբարձումյանը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ինչպե՞ս ճիշտ եւ գեղեցիկ դիմահարդարվել, որպեսզի Ամանորի գիշերը շլացուցիչ տեսք ունեալ. Ահա այս թեմայի շուրջ, ինչպես նաեւ դիմահարդարման ոլորտում 2016-ի թրենդների մասին Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է «Aga Kankanyan» իմիջ կենտրոնի ոճաբան-դիմահարդար Մերի Համբարձումյանը:
«Մոտենում է 2016-ը, իսկ սա նշանակում է, որ նոր տարին ունի իր թելադրանքները ինչպես նորաձեւության, այնպես էլ դիմահարդարման ոլորտում: Գալիք տարում նորաձեւ են առանց գծերի, թափթփված ստվերաներկերով աչքերը եւ վառ գույների շուրթերը, իսկ Ամանորին կարելի է օգտագործել գունավոր ստվերաներկեր, փայլեր եւ ընդհանուր դիմահարդարմանը համապատասխան վառ գույների շրթներկեր, այդպիսով տարեմուտը կնշեք դիմահարդարման նոր թրենդի մեկնարկով»,- նշեց Մերին:
Ընդ որում, մասնագետի խոսքերով, այս տարի նորաձեւ է ընդգծել աչքերն ու շուրթերը միաժամանակ. «Եթե պրոֆեսիոնալ կերպով ես մատուցում դիմահարդարումը, ապա, ի տարբերություն կարծարտիպային տեսակետների, կարելի է շեշտը դնել եւ շուրթերի, եւ աչքերի վրա, քանի որ 2016-ի գլխավոր հիթը հենց դա է՝ արտահայտիչ աչքեր եւ ոչ պակաս արտահայտիչ շուրթեր»,- նկատեց Մերի Համբարձումյանը:
Դիմահարդարը շեշտեց նաեւ, որ գեղեցիկ տեսք ունենալու ձգտման ճանապարհին հարկ է չմոռանալ մաշկի խնամքի մասին. «Գեղեցիկ դիմահարդարում ստանալու համար շատ կարեւոր է խնամված մաշկ ունենալ: Խորհուրդ կտամ շպարից առաջ խնամել մաշկը, լվանալ հատուկ քսուքներով: Խնամված մաշկի դեպքում հարկ չի լինի դեմքը ավելորդ դիմափոշիով, տոնային եւ շտկող քսուքներով շպարել, ինչն էլ առավել գեղեցիկ կդարձնի Ձեր տեսքը»:
Իսկ վերջում Մերի Համբարձումյանը մաղթեց. «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները միշտ ժպտան եւ լինեն սիրված, քանի որ ոչ մի դիմահարդարում չի կարող գեղեցկացնել կնոջն այնպես, ինչպես երջանկությունից փայլող աչքերը»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան