2015-ի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ամուսնությունս և 3 մենամարտում տարած հաղթանակներս. Արթուր Աբրահամ
LifestyleOperativ.am-ը գրում է.
2015 թվականը շատերի համար դրական լիցքերով ու ձեռքբերումներով տարի էր: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի համար տարին նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով. հաջողություններ սպորտի ոլորտում, և իհարկե, անձնական կյանքում: Հայ բռնցքամարտիկը 2015 թվականին ընտանիք կազմեց և 2016 թվականն արդեն կդիմավորի նոր կարգավիճակով՝ ամուսնու:
Operativ.am-ի թղթակիցը զրուցել է բռնցքամարտիկի հետ և տեղեկացել, թե ում հետ է նա պատրաստվում դիմավորել Ամանորը, ինչ ձեռքբերումներ է ունեցել 2015-ին, և թե ինչ սպասելիքներ ունի 2016-ից:
Ո՞րն է 2016 թվականի Ձեր ամենամեծ ձեռքբերումը, որը կառանձնացնեք, և որը գուցե փոխել է Ձեր կյանքը:
Ունեմ ձեռքբերումներ՝ թե՛ սպորտում, թե՛ անձնական կյանքում: 3 մենամարտ անցկացրեցի 2015 թվականին, 3-ն էլ հաղթեցի: Անձնական կյանքիս ձեռքբերումը, իհարկե, ամուսնությունն էր:
Ո՞րն է Ձմեռ պապիկից ստացած ամենատպավորիչ նվերը, որն այս պահին կարող եք մտաբերել:
Տարբեր խաղալիքներ եմ հիշում: Հիշում եմ նաև, որ մինչև չէինք արտասանում կամ երգում, Ձմեռ պապիկը նվեր չէր տալիս:
Իսկ ո՞ւմ հետ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016 թվականից:
Նոր տարին կդիմավորեմ ընտանիքիս հետ: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա 2016-ից ակնկալում եմ խաղաղություն և համերաշխություն՝ համայն մարդկության համար, որպեսզի լինենք առողջ, անհոգ, երջանիկ:
Արթո՛ւր, ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ընկերներին, հարազատներին, և առհասարակ, հայությանը, որը մշտապես հետևում է Ձեր գործունեությանը:
Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարձր տրամադրություն: Թող որ Ամանորի տոնականությունը ողջ տարվա ընթացքում ուղեկցի բոլորիս: