Հարսանիքից 8 օր անց ամուսնուն անդունդի եզրից գցած ամերիկուհին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
LifestyleԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Միսուլա քաղաքի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել 22-ամյա Ջորդան Գրեմին, ով հարսանիքից 8 օր անց իր ամուսնուն հրել- գցել է անդունդի եզրից։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, միջադեպը տեղի է ունեցել Գլեյշեր ազգային պարկում՝ անցած տարվա հուլիսին։ Դատարանում մեղադրյալը պատմել է, որ իր ամուսնու՝ 25-ամյա Քոդի Ջոնսոնի հետ այնտեղ են գնացել զբոսանքի, սակայն վիճել են։ Վեճի ընթացքում կինը խոստովանել է ամուսնուն, որ ամենևին էլ երջանիկ չէ։ Այդ պահին Ջոնսոնն ուժեղ բռնել է նրա ձեռքից, իսկ կինը, իբր թե մոռանալով, որ իրենք կանգնած են անդունդի եզրին, հրել է նրան։
Երիտասարդն ընկել է ժայռից ու մահացել։ Դրանից հետո աղջիկը գնացել է տուն ու ոչ ոքի չի պատմել տեղի ունեցածի մասին։ Այնուհանդերձ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դին, ինչից հետո Գրեմը խոստովանել է իր մեղքը։





