Խոսրով Հարությունյանն ափսոսում է, որ Կարեն Անդրեասյանը գնացել է
ՀարցազրույցԻնչպես շատերը, այնպես էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին երեկ է տեղեկացել, բայց որևէ մեկնաբանություն չի կարող անել:
Պատգամավորը Orer.am-ին ասաց, որ ինքը կարծում է, որ Կարեն Անդրեասյանը փորձում էր մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը որակապես մի նոր հարթության վրա բարձրացնել և այդ ինստիտուտի հանդեպ հանրային կարևորությունն ամրագրել:
«Եվ այդ ուղղությամբ նա բավականին ջանքեր էր գործադրում: Իմ կարծիքով՝ վայելում էր նաև պետական կառավարման համակարգի կողմից անհրաժեշտ աջակցություն:
Բացի այդ, ուներ մտահոգ վերաբերմունք և անուշադրության չէր մատնում ոչինչ: Իսկ թե ինչով էր պայմանավորված նրա հեռանալը, չեմ կարող ասել»,- ասում է Խ.Հարությունյանը:
Պատգամավորի մոտ պահպանվել է օմբուցմենի անցյած տարեվերջին ներկայացված հաշվետվությունը, որը, Խ.Հարությունյանի կարծիքով, բավականին համարձակ հարցադրումներով հաշվետվություն էր, բայց հրաժարականի համար ինքն որևէ օբյեկտիվ պատճառ չի տեսնում:
«Ընդհակառակը, բոլոր հնարավորությունները կային այդ ինստիտուտի բոլոր ձեռքբերումները զարգացնելու համար: Եվ, դատելով քաղաքացիների և կազմակերպությունների կողմից այդ ինստիտուտին ուղղված դիմումների թվաքանակից, կարելի է ասել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գնալով դառնում էր ավելի պահանջարկված և այդ ամենը անշուշտ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունք է:
Սա պետք է արձանագրել և ափսոսում եմ, որ նա գնացել է: Չեմ կարող հիմնավորել, թե ինչու, բայց ափսոսում եմ, քանի որ կարող էր դեռևս զարգացնել իր ձեռքբերումները»,- ասում է Խ. Հարությունյանը:
Արմինե Գրիգորյան