Սերգեյ Խաչատրյանը համերգներով հանդես կգա ԱՄՆ-ում և Իսպանիայում
ՄշակույթԱշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ԱՄՆ-ում և Իսպանիայում համերգներ կունենա: Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ճանաչված ջութակահարը:
«ԱՄՆ-ում Բալթիմորում պետք է նվագեմ: Երեք համերգով Baltimore Symphony նվագախմբի հետ հանդես կգամ, հետո Իսպանիայում` Մադրիդում, համերգներ կունենամ: Սիբելիուսի ջութակի կոնցերտն եմ կատարելու»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը:
Baltimore Symphony նվագախմբի պաշտոնական` bsomusic.org կայքից տեղեկանում ենք, որ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ համերգները տեղի կունենան հունվարի 29-ին, 30-ին և 31-ին:
ocne.mcu.es-ն էլ հավելում է, որ Իսպանիայում կայանալիք համերգները տեղի կունենան փետրվարի 26-ին, 27-ին, 28-ին:
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը բնակվում է Գերմանիայում: Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի մոտ: Հետագայում ուսումը շարունակում է Վյուրցբուրգ քաղաքում: 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբի հետ`որպես մենակատար։ Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրում: Որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում: Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: