Տեսնես կգա՞ այն օրը, երբ մեզ մոտ էլ կզբաղվեն այս հարցով... Ինչևէ, ահա զարմանալի մի պատմություն, թե ինչպես Շվեյցարիան կարողացավ կարճ ժամանակում ամբողջովին ազատվել աղբից։
Սովորաբար Շվեյցարիայում եղած զբոսաշրջիկները հիանում են այնտեղի քաղաքների ու գյուղերի մաքրությամբ, բայց քչերն են հետաքրքրվում, թե ինչպես է հաջողվել հասնել դրան։ Բանն այն է, որ աղբի տեսակավորման համակարգը, որն արդեն գործարկվում է շատ երկրներում, Շվեյցարիայում ծայրահեղության է հասցված։ Գրեթե աբսուրդային ծայրահեղության, բայց արդյունքները խոսուն են...

Տեսակավորում են ամեն բան, որ հնարավոր է տեսակավորել, ու այս համակարգը բացառություններ չի ճանաչում. աղբի յուրաքանչյուր տեսակ առանձին արկղի մեջ պետք է գցվի։
Սա մաքուր ժողովրդավարություն է, որին մասնակցում են բոլորը։ Միևնույն ժամանակ սա ժողովրդավարության իսպառ բացակայություն է, քանի որ առարկություններն ու քննարկումները չեն ընդունվում. եթե համաձայն չես՝ տուգանք վճարիր։
Աղբի ուտիլիզացման նկատմամբ նման մոտեցում հնարավոր է միայն Հելվետիկեի կոնֆեդերացիայում։ Պարզապես մարդիկ այդպիսի մենթալիտետ ունեն, և բոլորին դուր է գալիս ապրել մաքրության մեջ։
Այն փաստը, որ Դուք հարուստ եք, դեռ չի նշանակում, որ վեր եք օրենքից։ Հաճախ կարելի է տեսնել քաղաքացիների, ովքեր Porsche-ով գալիս են շշերի ընդունման կետ ու հանձնում են դատարկ տարաներ։
Շվեյցարիան աշխարհում առաջատարն է շշերի հանձնման ցուցանիշով. օգտագործված շշերի 90 տոկոսը վերադառնում է ապակու երկրորդական վերամշակման գործարան։ Ապակու ընդունման և վերամշակման ծրագիրը գործարկվեց 1972 թվականին և այդ օրվանից հաջողությամբ շարունակում է գործել առ այսօր։

Միայն որոշ գարեջրի շշերի դեպքում է հնարավոր հետ ստանալ գրավը՝ վերադարձնելով դրանք խանութին։ Մնացած դեպքերում մարդիկ ոչինչ չեն ստանում շշեր հանձնելիս, բայց, այդքանով հանդերձ, նրանք պարտավոր են հանել կափարիչները և տեսակավորել շշերն ու բանկաները՝ կախված ապակու գույնից. սպիտակ, շագանակագույն, կանաչ։
Թուղթը վերամշակվում է ստվարաթղթից առանձին, քանզի ստվարաթղթի վերամշակումն ավելի թանկ է, ուստի քաղաքացիները պետք է հանձնեն դրանք՝ իրարից զատված։ Փոստային պրոդուկցիայի գրեթե մեկ երրորդ մասը, որն արտադրվում է երկրում, ի վերջո վերադառնում է երկրորդական հումքի ընդունման կետեր։
Շվեյցարացիների մտքով չի անցնի աղբի մեջ նետել նստած մարտկոցները, և արդյունքում Շվեյցարիայում վաճառվող մարտկոցների 60 տոկոսը հետ է վերադառնում խանութ ու չի հայտնվում աղբամաններում։

Առանձին են հանձնում պլաստիկից շշերը, առանձին՝ էլեկտրական սարքավորումներն ու կենցաղային տեխնիկան, առանձին՝ շինարարական աղբը, առանձին՝ ցերեկային լուսավորության լամպերը, առանձին՝ պահածոյի տարաները (ընդ որում, հանձնողները պարտավոր են ինքնուրույն ճզմել դրանք մագնիսական պրեսսի միջոցով), առանձին՝ կենդանիների դիակները (դրա համար պետք է վճարել, իսկ ինքնուրույն թաղելն արգելված է), առանձին՝ բուսական յուղի մնացորդները, առանձին՝ մեքենայի յուղի մնացորդները (սեփական մեքենայի յուղն ինքնուրույն փոխելը կտրականապես արգելված է, և դա կարելի է անել հատուկ տեխսպասարկման կետերում՝ 50 շվեյցարական ֆրանկի դիմաց)։
Այս ցուցակի միայն տեսքն իսկ արդեն վախեցնում է, այնպես չէ՞։

Դուք կարոող եք ասել, որ այս ամենը պարտադիր չէ, բավական է պարզապես աղբն աղբամանների մեջ լցնել։ Իհարկե կարելի է, բայց այդ դեպքում պետք է գրպաններդ ավելի լայն բացեք և հարկեր մուծեք աղբի յուրաքանչյուր հավելյալ կիլոգրամի համար։ Յուրաքանչյուր աղբի տոպրակի վրա պիտակ է փակցվում, որը փաստում է, որ աղբի հարկը վճարված է։
5 կիլոգրամ աղբ թափելն արժե 2-3 ֆրանկ՝ կախված նրանից, թե որ կանտոնում եք բնակվում, ուստի տեղաբնակների մեծ մասը ջանում է ամեն հնարավոր բան հանձնել երկրորդական հումքի ընդունման կետեր, որտեղ հին համակարգիչ կամ մանկական սայլակ հանձնելն անվճար է։
Օրինակ՝ օգտագործած թեյի մեկանգամյա փաթեթը թափում են հետևյալ կերպ. պիտակը գնում է ստվարաթղթի բաժին, հենց փաթեթիկը՝ թղթի բաժին, թեյը՝ կոմպոստ, ամրակը՝ օգտագործված մետաղի բաժին, իսկ թելը՝ աղբաման։

Կարելի էր իհարկե ասել, որ սա պարզապես կատակ է... բայց ոչ Շվեյցարիայում։
Իհարկե, կան այնպիսիք, ովքեր փորձում են աղբը թափել առանց պիտակի փաթեթներով, սակայն հատուկ նմանների համար գործում է աղբային ոստիկանությունը։ Մասնագետները ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերլուծում են աղբը, որը թողել են սխալ վայրում ու/կամ չեն վճարել հարկը դրա համար, գտնում են խախտողին ու տուգանում են նրան, և սա բնավ կատակ չէ։
Տուգանքները բարձր են։ Ցյուրիխյան թերթերից մեկը գրել էր մի դեպքի մասին, երբ մարդն աշխատանքից վերադառնալիս մեքենայի պատուհանից դուրս էր նետել տնային աղբը թղթե պարկերի մեջ, ու ոստիկանությունը գտել էր նրան։ Արդյունքում, զանցանքը գործած քաղաքացուն դատել էին ու տուգանք սահմանել. 6000 ֆրանկ՝ մայրուղին աղտոտելու և աղբի ուտիլիզացիայի համար, 3000 ֆրանկ՝ օրենքը խախտելու համար և 530 ֆրանկ՝ դատական ծախսերի համար։ Արդյունքում, 9530 ֆրանկ՝ առաջին հայացքից մանր թվացող մի արարքի համար։

Շվեյցարական չափանիշներով սա շատ խիստ պատիժ է, քանի որ յուրաքանչյուրը հաշվում է ամեն ռապենը (մանրադրամ): Այդպիսին է նրանց մենթալիտետը։
80-ականներին, երբ ողբի պիտակավորումը մտցված էր միայն երկրի հարավ-արևելքում, մի նոր երևույթ սկսեց տարածվել, որը հայտնի էր որպես աղբային տուրիզմ։
Մարդիկ հանգստայան օրերին իրենց ընտանիքների հետ լցնում էին շաբաթվա ընթացքում կուտակված աղբը մեքենայի բեռնախցիկի մեջ ու վարում էին երկրի մյուս մասը՝ պիկնիկ անելու։ Արդյունքում օգտակարը համատեղում էին հաճելիի հետ ու վերջում անվճար թափում էին ոչ միայն պիկնիկի մնացորդները, այլև շաբաթվա աղբը։
Այս միջոցով միայն դեպի Ցյուրիխ օրական ավելի քանի 3000 տոննա «ապօրինի» աղբ էր բերվում, ուստի կանտոններում ու համայնքներում հատուկ տուրք մտցրեցին աղբի համար։

20-րդ դարի 80-ական թվականներին Շվեյցարիայի էկոլոգիան աղետալի վիճակում էր, բոլոր գետերն ու լճերն աղտոտված էին ֆոսֆատներով ու նիտրատներով, հողը՝ ծանր մետաղներով, կենսաբանական բազմազանությունը կտրուկ նվազում էր, իսկ աճող բնակչությունը, լինելով սպառողական հասարակություն, հսկայական քանակի աղբ էր գեներացնում։
Շատ արագ մարդիկ սկսեցին խեղդվել սեփական աղբից, արտադրական ու գյուղատնտեսական աղտոտումից։ Նման փոքր տարածքում չկային այնպիսի շրջաններ, որտեղ կարելի էր մեծ աղբանոց կառուցել, ողջ աղբը բերել այնտեղ ու մոռանալ դրա մասին։
Հենց այդ ժամանակ էլ բարձրացավ նոր էկոլոգիական քաղաքականություն վարելու հարցը, որը ևս սկսեցին պեդանտ կերպով կյանքի կոչել։ Պահանջվեց 20 տարի, բայց արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները։

Այսօր Շվեյցարիան էկոլոգիապես ամենամաքուր պետություններից մեկն է աշխարհում՝ զարգացած հասարակական տրանսպորտով ու մաքուր լեռնային օդով։ Արդեն կարելի է առանց վախենալու խմել ցանկացած շվեյցարական լճի ու առավել ևս՝ ծորակի ջուր։
Ինչո՞ւմն է նման հաջողության գաղտնիքը։ Թերևս նարանում, որ Շվեյցարիայի ժողովուրդը հասկանում է, որ պետությունն ինքն է, ու իրենք իրենց հանձնարարելով կարգի բերել երկիրը՝ կատարել էին այդ հանձնարարությունը հավուր պատշաճի, իսկ մնացածն արդեն զուտ ժամանակի հարց էր։ Մարդիկ ցանկացան՝ մարդիկ արեցին։
