«Երաժշտական հինգշաբթի» շարքի տարվա առաջին համերգում կհնչեն սոնատներ
Մշակույթ«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի տարվա առաջին համերգը կներառի Մոցարտի, Շուբերտի, Բրամսի, Գրիգի սոնատները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհիԱրմինե Գրիգորյանը:
«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն արդեն երրորդ տարին է անցկացնում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքը, որի շրջանակում ամեն ամիս մեկ կամ երկու անգամ համերգներ ենք կազմակերպում: Այս անգամ որոշեցինք հինգշաբթին նվիրել դուետային ծրագրին: Խաչատրյանի անվան տրիոյից իմ գործընկերոջ` ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ մշակեցինք բավականին հետաքրքիր ծրագիր, որը բաղկացած է չորս սոնատներից»,-տեղեկացրեց Արմինե Գրիգորյանը` հավելելով, որ համերգը մշակութային օջախում տեղի կունենա հունվարի 21-ին:
«Սոնատներն ընտրելուց հետո հասկացանք, որ բոլորը գրված են մինորային տոնայնությունում: Սովորաբար մեր «Երաժշտական հինգշաբթիները» խորագրեր են կրում, այս անգամ կլինի «Կոնցերտ մինորում»: Մենք նաև հնարավորություն ենք տալիս երաժշտասեր ունկնդրին ծանոթանալ թանգարանի ցուցասրահներին, այդ իսկ պատճառով համերգների ընթացքում ընդմիջումը մի փոքր ավելի երկար է լինում »,-հավելեց նա: