Առնոլդ Շվարցենեգերը սիգար կհյուրասիրի մահամերձ հիվանդին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Առնոլդ Շվարցենեգերը սիգար է հյուրասիրելու մահամերձ քաղցկեղով հիվանդ Ջոզեֆ Միթերմեյերին: Ինչպես գրում է The Independent-ը, քաղցկեղի անբուժելի տեսակից մահացող 75- ամյա ավստրիացի թոշակառուի դուստրը սոցցանցում դիմել էր Առնոլդ Շվարցենեգերին:
«Միակ կիրքը, որը նա դեռ ունի, սիգարներն են: Քանի որ նա դերասանի երկրպագուն է, ու ես գիտեմ, որ Առնոլդ Շվարցենեգերը նույնպես սիգարների մեծ սիրահար է։ Նրա վերջին ցանկությունն է ստանալ մեկ սիգար Տերմինատորի հավաքածուից»,- գրել էր կինը: Նրա խոսքով, հայրը ոչ մի դեպքում չի պահանջում, որ իրեն սիգար ուղարկեն, բայց շատ ուրախ կլիներ, եթե նման բան կատարվեր:

Ավելի ուշ այդ հաղորդագրությունը գրած աղջկա հետ կապվել էր Շվարցենեգերի ընկերը՝ Ռալֆ Մելլերը, որն այս պահին դերասանի հետ միասին ավստրիական Կիցբյուել հանգստավայրում է:
Ռալֆը հայտնել էր, որ հոլիվուդյան դերասանը անպայման սիգարներ կուղարկի տղամարդուն, իսկ շաբաթ կզանգի աղջկա հորը ու կզրուցի նրա հետ:
Աղջկա խոսքով, երբ ինքն այդ մասին պատմել է հորը, նա սկսել է լացել:
«Նա խնդրեց, որ ես Ռալֆին փոխանցեմ, որ ինքը հրաշալի նվեր է արել»,- մեջբերում է դուստրը մահացող հոր խոսքերը:
Ուշագրավ է, որ այս հաղորդագրությունը հոլիվուդյան դերասանին էր հասել հենց սոցցանցերի միջոցով: Անհավանական է, բայց այդ հաղորդագրությունը տարածել էր ավելի քան 115 հազար մարդ, եւս 100 հազարն էլ դրել էին «like» նշանը: