Վարուժան Ոսկանյանը Նիդերլանդներում ներկայացրել է իր «Շշուկների մատյան» վեպի հոլանդերեն հրատարակությունը
ՀասարակությունՆիդերլանդներում հունվարի 21-23-ը ներկայացվել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հոլանդերեն հրատակությունը: Հունվարի 22-ին Նիդերլանդներում Ռումինիայի դեսպանությունում, Ռումինական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հոլանդերեն թարգմանության շնորհանդես-քննարկումը:
Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում Ռումինիայի դեսպան Իրենի Կոմարոչին, ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչներ, ռումինացի և հոլանդացի մշակութային գործիչներ: Հիմնական բանախոսը հեղինակն էր, ով իր ելույթում անդրադարձել է գրքի կարևորությանը պատմական փաստերի վերաբերյալ տարբեր երկրների ընթերցողների իրազեկվածության բարձրացման առումով, ինչպես նաև խորը ցավ ապրած ու տառապանք կրած մարդկանց համար մոռացության, վրեժխնդրության ու ներման բարդագույն ընտրության հոգեբանական հետևանքներին:
Հունվարի 23-ին գիրքը ներկայացվել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության կենտրոնում: Միջոցառման շրջանակներում Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերապրածների համար սփյուռքահայ գաղթօջախներում նոր կյանք սկսելու առանձնահատկությունները:
«Շշուկների մատյան» վեպի հոլանդերեն թարգմանությունը հոլանդացի ընթերցողներին և հոլանդահայերին է ներկայացվել նաև Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում:
Գրքի հոլանդերեն թարգմանությունն իրականացրել է Յան Վիլեմ Բոսը։ Այն հրատարակել է «Պեգասուս» հրատրակչությունը։