Հայաստանի կառավարությունը հայ-իրանական տնտեսական կապերի առաջընթաց է ակնկալում
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում հայ-իրանական տնտեսական համագործակցության առաջընթաց է ակնկալում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Դուք գիտեք, որ անցած տարի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկնել էր Իրան, և նրա հետ մեկնել էին նաև բազմաթիվ գործարարներ, ովքեր այնտեղ տարբեր հանդիպումներ են ունեցել, նախանշել են համագործակցության հետագա ուղիները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ հայ-իրանական տնտեսական համագործակցության ուղղությամբ որոշակի ակտիվություն նկատվում է: «Այս ընթացքում էլ հայ գործարարներ են մեկնել Իրան, նաև Իրանից են գործարարներ ժամանել Հայաստան: Գործընթացը դեռ շարունակվում է, և մենք սպասում ենք հայ-իրանական տնտեսական կապերի նոր աճ»,- եզրափակեց ՀՀ փոխվարչապետը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հունվարի 16-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեծ մասից: