Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն ամուսնությունից հետո ստեղծագործական կարճատև դադար էր տվել, որը, սակայն, պայմանավորված էր ոչ միայն կարգավիճակի փոփոխությամբ, այլև՝ այն հանգամանքով, որ նրա բենդը զբաղված էր և երկրում չէր: Նա Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսին, արդեն, 6 ակումբային համերգ է ունենալու, որից հետո երեք շաբաթով ամուսնու հետ մեկնելու է երկրից. զույգը մի քիչ ուշացումով կանցկացնի իր մեղրամիսը. «Երբ ամուսնացանք, Կարենն այդ շրջանում համերգներ էր տալիս, չկարողացանք մեղրամսի մեկնել, փոխարենը՝ դա կանենք հիմա: Որոշել ենք նախ մեկնել Ֆուջերա կղզի, այնտեղից էլ՝ Փարիզ»,-մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին:
Անուշիկի խոսքով՝ մեղրամսից վերադառնալուն պես ինքը խմբի հետ ստաբիլ կերպով համերգներ կունենա Երևանում: Երգչուհին մեծ ցանկություն ունի իր հարսանյաց խնջույքի ժամանակ հնչեցրած և համացանցում մեծ տարածում գտած երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: «Շնորհակալ եմ» ստեղծագործության երաժշտության հեղինակը Էրիկն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Հայկոն:
Անուշիկը մտադիր է նաև առաջիկայում նոր ալբոմ թողարկել, որում ընդգրկված կլինեն cover տարբերակով հայտնի երգեր. «Օրինակ՝ «No woman, no cry» երգը ներկայացրեցինք փոփոխված տարբերակով, և այն մեծ հավանության արժանացավ մասնագետների կողմից: Մտադիր եմ այդ երգի հիման վրա ևս մինչև տարեվերջ տեսահոլովակ նկարահանել»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ երգի նորովի գործիքավորումը կատարել է ամուսինը՝ Կարեն Մամիկոնյանը, և ինքը ցանկություն ունի այն ներկայացնել նաև միջազգային ասպարեզում: