Գագիկ Բեգլարյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրները
ՏնտեսությունՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Գագիկ Բեգլարյանը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է նրան մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ, մաղթել արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ հայ-բելառուսական հարաբերութ յուններն էլ ավելի ամրապնդելու գործում:
Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ինքը ևս շահագրգիռ է, որպեսզի երկու երկրների միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, պաշտոնյաները կարծիքներ են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո կազմակերպության անդամ երկրների համար ընձեռված հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:
Կողմերը մանրամասն անդրադարձել են Հայաստանից Բելառուս և հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներին, դրանց կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: