«Ժողովուրդ». Ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»
Եվ այսպես' երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»' հետ կանգնելով անցած տարի Վլ. Պուտինի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից' «Նաիրիտ» քիմիական գործարանը գնելու եւ այնտեղ հսկայածավալ ներդրումներ անելու ուղղությամբ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Երեկ ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն էլ կանխավ շրջանառվող խոսակցությունների համաձայն, պիտի որ գներ «Նաիրիտ»-ը, սահմանված ժամկետներում որեւէ առաջարկ չի ներկայացրել: Ավելին, ըստ Զախարյանի' «Ռոսնեֆտ»-ն արդեն մեկ ամիս է' այս հարցի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատասխան չի տալիս: Զախարյանը նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, որը, սակայն, այդպես էլ մնացել է օդում կախված:
Թե որն է «Ռոսնեֆտ»-ի' հայկական կողմի հետ տեւական ժամանակ բանակցված առաջարկից հետ կանգնելու իրական պատճառը' հայտնի չէ: Համենայն դեպս' առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ: Որպես հավանական տարբերակ կարող է մատնանշվել այն, որ ռուսական խոշորագույն նավթային ընկերությունը հայտնվել է Արեւմուտքի պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների թվում, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել ընկերության համար: Սակայն այս պարզաբանումն էլ ոլորտի գիտակների համար հիմնավոր չի թվում, քանզի հենց վերը նշված պատժամիջոցների պարագայում հայկական կաուչուկի արտադրության զարգացումն ու ռուսական շուկա արտահանումը պետք է որ է՛լ ավելի գայթակղիչ թվար ներդրող ընկերության համար, չէ՞ որ առաջիկայում ռուսական շուկայում շեշտակիորեն մեծանալու է կաուչուկի պահանջարկը:
Շարունակությունը՝ «Ժողովորդ»-ի այսօրվա համարում: