Կառավարությունը կօժանդակի «Յուքոմ»-ի նոր ներդրումային ծրագրին
ՏնտեսությունՀՀ կառավարությունը երեք տարով կհետաձգի «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ»-ի նպատակն է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի և առավել բազմազան հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ:
Վերոնշյալ գործունեության կազմակերպման համար ներմուծվող ապրանքների մասով ակնկալվում է ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգում
Ծրագրերի իրականացման համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 17.1 մլրդ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդյունքում հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ:
Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 340 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016 թվականին` 310, 2017-ին` 322 և 2018-ին` 336 հազար դրամ: