Կամերային նվագախումբը Ֆրանսիայում և Շվեյցարիայում հյուրախաղեր կունենա
ՄշակույթՀայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղեր կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
«Մենք ամռանը մեկնելու ենք Ֆրանսիա և Շվեյցարիա հյուրախաղերով, ինչպես և անցյալ տարի: Խոսակցություններ կան Իտալիա և Գերմանիա մեկնելու վերաբերյալ, փորձում ենք կազմակերպել, բայց բարդ է»,-շեշտեց նա:
ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի խոսքով` հյուրախաղերին նվագախումբը միշտ հայկական ստեղծագործություններ է ներկայացնում:
«Օրենք է, երբ հրավիրում են այս կամ այն ազգի նվագախմբի, այն պետք է նաև իր երկրի երաժշտությունը ներկայացնի: Մենք միշտ մեզ հետ ունենք հայկական գործեր: Բայց կատարում ենք նաև դասական երաժշտության նմուշներ: Պետք է կատարենք Մոցարտ, Չայկովսկի, Բեթհովեն, որ բոլորը հասկանան, որ մենք ոչ միայն հայկական երաժշտություն ենք կատարում»,-նշեց նա` հավելելով, որ արտասահմանյան հյուրախաղերին հաճախ են մասնակցում հայազգի մենակատարներ: