Արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ երկու ընկերությունների հատկացվելու է 80 մլն դրամ
ՏնտեսությունՀՀ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար կառավարությունը Հայաստանի զարգացման հիմնադրամին տրամադրեց 80 մլն դրամ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիեշեցրեց, որ ստեղծվել է արտահանմանն աջակցող խորհուրդ, որը պետք է օժանդակի որոշ ապրանքատեսակների արտահանմանը:
«Այս միջոցներով արդեն երկու ընկերության մենք խրախուսում ենք՝ հատկացնելով 80 մլն դրամ, որովհետև նրանք ապրանք են արտահանել ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ Եվրոպա: Սա, իմ կարծիքով, մեծապես խրախուսում է արտահանմանը և մենք շարունակելու ենք այս քաղաքականությունը»,- նշեց ՀՀ վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գումարը հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից:
ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է Արտահանմանաջակցման խորհուրդ: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը,ձկնատեսակները և ձկնամթերքը:
Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով: