Բեռնափոխադրողները Հայաստանի տարածքով բեռների տարանցման լուրջ հնարավորություն են տեսնում
ՏնտեսությունՀայաստանի համար ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ, երբ Իրանը ազատվել է պատժամիջոցներից, իսկ Ռուսաստանը, պատժամիջոցների տակ հայտնվելով, սկսել է իր համագործակցությունը Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սա, հայ բեռնափոխադրողների կարծիքով, շահեկան է Հայաստանի համար` կամրջի դեր ստանձնելու տեսանկյունից:
«Հայաստանը պետք է օգտվի այդ առիթից և դառնա կապող օղակ այս երկու երկրների միջև»,- հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Նրա խոսքով` թե պետությունը, թե մասնավոր սեկտորը այս ոլորտում պետք է շուտափույտ քայլեր նախաձեռնեն, որպեսզի Հայաստանը չկորցնի իր դիրքը այս շուկայում: Հայաստանի տարածքով Իրան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռների տարանցումն ավելի շատ քաղաքական նախագիծ է:
«Եթե հաջողվի իրագործել այն, ապա Հայաստանի տարածքը կարող է տարանցիկ համարվել միայն մինչև Վրաստան»,- ավելացրեց Աղաջանյանը:
Նա նաև համաձայն չէ, որ Հայաստանը շրջափակման մեջ է: Այդպիսի կարգավիճակ են փորձում տեղծել Թուրքիան և Ադրբեջանը, սակայն նրանց հաջողությունները դեռևս համեստ են:
«Հայաստանի մաքսային օրենսդրությունը միանշանակ փոփոխման ենթակա է, քանի որ տարանցիկ փոխադրումներին վերաբերող հատվածն ուղղակիորեն խոչընդոտում է այդ ոլորտին: Հարկերն այստեղ շատ բարձր են»,- նշեց ընկերության տնօրենը: Եթե հարևան երկրները կիրառեն նույն մաքսային օրենսդրությունը Հայաստանի նկատմամբ, ապա երկիրը լուրջ խնդիրների առջև կկանգնի: