Տրամաբանական չէր լինի եթե քոչվոր հարևանները սեփական բառ ունենային «հերկ» հասկացության համար
ԲլոգԱրտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տրամաբանական չէր լինի եթե քոչվոր անցյալ ունեցած մեր արևելյան հարևանները սեփական բառ ունենային «հերկ» հասկացության համար: Հողի հետ կապված ցանկացած աշխատանք ավանդաբար եղել է նստակյացների զբաղմունքը, իսկ նստակյաց էին այստեղ այլ ժողովուրդներ, այդ թվում կովկասյան պարսիկներն ու թալիշները:
Եվ ահա ադրբեջաներենում «հերկ» բառի համար գործածվող բառը (şum) մաքուր իրանական ծագում ունի: Բառիս հին իրանական ձևն է *šauxman-, որտեղից դասական պարսկերենում հանդիպում է šuxm բառը, իսկ կովկասյան պարսկերենում և թալիշերենում xm բաղաձայնական խմբի պարզեցմամբ' šum: Հին իրանական *ft, *xt, *št. *st, *šm, *xm բաղաձայնական խմբերի պարզեցումը, չնայած առավել բնութագրական է թալիշ-թաթական (նորազարիական) խմբի լեզուներին, սակայն այս երևույթը լայն տարածում ունի նաև կովկասյան պարսկերենում (հմմտ. čum «աչք», tum «սերմ» ևն)' պայմանավորված թերևս թալիշերենի ազդեցությամբ:
Հետևաբար ադրբեջաներենում բառը փոխառված է կամ թալիշերենից, կամ կովկասյան պարսկերենից: Ադրբեջաներենում այս արմատով կան նաև բառաբարդումներ, ինչպես օր.' şumaltı, şumqabaqı, şumlama, şumlamaq, şumlanma, şumlanmaq, şumluq, şumotu և այլն: