Հայտնի է Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը
LifestyleԴատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբբի Քրիստինա Բրաունի մահվան պատճառը թմրանյութերից թունավորումն ու ջրահեղձ լինելն է եղել: Այդ մասին նշված է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլթոն երկրամասի դատաբժշկական եզրակացությունում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոմայի մեջ հայտնվելուց առաջ Բրաունն ալկոհոլ է ընդունել, ապա մարիխուանա տեսակի թմրանյութ, որից հետո խմել է հանգստացնող հաբեր:
Նա մահացել է 2015-ի հուլիսի 26-ին, երկար ժամանակ կոմայի մեջ մնալուց հետո: 2015-ի հունվարին 21-ամյա Բոբբիին անգիտակից վիճակում գտել էր նրա զուգընկերը: Նրանք անմիջապես առաջին օգնությունն էին ցուցաբերել, սակայն գիտակցությունը վերականգնել նրանց չէր հաջողվել: Բոբբի Քրիստինային տեղափոխել էին Ատլանտայի մոտակայքում գտնվող Ռոսուել քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան միացրել էին արհեստական շնչառության ապարատին, սակայն ուշքի բերել այդպես էլ չէր հաջողվել:

Բոբբի Բրաունի ընտանիքը, սակայն, նրա մահվան մեջ մեղադրում է աղջկա զուգընկերոջը և դատի է տվել Նիկ Գորդոնին: Բոբբիի ընտանիքը Նիկին մեղադրում է Բոբբի Կրիստինայի հանդեպ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու մեջ: Նիկը մեղադրվում է նաև Բոբբիի՝ կոմայում եղած ժամանակ նրա հաշվեհամարից գումար հանելու մեջ:
Հիշեցնենք, որ Բոբբի Քրիստինա Բրաունը Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի միակ դուստրն էր, իսկ նրա մայրը՝ Ուիթնի Հյուսթոնը, մահացել էր 2012-ին, ում նույնպես մահացած էին գտել հյուրանոցային համարի լոգասենյակում: Այդ ժամանակ նույնպես դատաբժշկական հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհահռչակ երգչուհին եղել էր կոկաինի ազդեցության տակ և պատահաբար էր խեղդվել լոգարանում: Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ 48-ամյա երգչուհու մարմնի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Ա.Գ.