ԻԻՀ անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպությունը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ
ՏնտեսությունԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մարտի 9-ին հանդիպել է Իրանի դատական իշխանության նախագահի տեղակալ, Անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության նախագահ Ահմադ Թոիսերքանիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում Ահմադ Թոիսերքանին ներկայացրել է իր ղեկավարած կազմակերպության գործառույթների լայն շրջանակը՝ անշարժ գույքի, ձեռնարկության, մտավոր սեփականության և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտներում:
Կազմակերպության նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել և իրենց փորձառություններով փոխանակվել Հայաստանի համապատասխան մարմինների հետ:
Դեսպան Թումանյանը կարևորել է Հայաստանի պատկան կառույցների և Իրանի անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության միջև համագործակցությունը և նշել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, հատկապես մասնավոր հատվածների միջև և այդ համատեքստում ընգծել է երկու երկրներում գործող իրավական նորմերի վերաբերյալ տեղեկատվության իրազեկման անհրաժեշտությունը: