Հայկական երաժշտությունը ջերմությամբ է ընդունվում «Ալ Բուստանում»
ՄշակույթՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես կարևորում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցումն արտասահմանյան հյուրախաղերի ընթացքում։ Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի մարտի 15-ի համերգը բացվել է Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմով։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսատեսը շատ ջերմորեն է ընդունել այս ստեղծագործությունը։
Երեկոյի ընթացքում տաղանդավոր թավջութակահար Էդգար Մորոն Երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կատարել է Սերգեյ Պրոկոֆևի Սիմֆոնիա-կոնցերտը թավջութակի և նվագախմբի համար։
Համերգի երկրորդ բաժնում Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ հնչել է Մոդեստ Մուսորգսկու Պատկերներ ցուցահանդեսից ստեղծագործությունը (փոխադրությունը՝ Մորիս Ռավելի)։
Հանդիսատեսը բաց չէր թողնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և դիրիժորին՝ պահանջելով բիս։
Նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի հանրահայտ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։