Դի Կապրիոն արծաթյա «Օսկար» է ստացել Յակուտիայից
Lifestyleshabat.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է lenta.ru-ն` Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր ռուս երկրպագուներից ստացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի արծաթյա տարբերակը: Այս մասին հայտնել է նախաձեռնության հեղինակ Տատյանա Եգորովան` մանրամասնելով, որ մրցանակն արդեն Լոս Անջելեսում է:
«ԶԼՄ-ներն ու երկրպագուներն անհամբեր սպասում են, թե երբ է Դի Կապրիոն ներկայանալու այդ արձանիկով: Սակայն չի բացառվում, որ նա կարող է հրապարակայնորեն չարձագանքել: Բայց մենք հստակ գիտենք, որ արձանիկը նրա մոտ է, և միայն այդ փաստը շատ է ուրախացնում մեզ»,-ասել է կինը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Յակուտիայի բնակիչներն այս տարվա «Օսկարից» առաջ արծաթ ու ոսկի են հավաքել` իրենց սիրելի դերասանի համար մրցանակ պատրաստելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Օսկար-2016»-ի ժամանակ Դի Կապրիոն վերջապես արժանացել է մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում` «Փրկվածը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: