Կինոյի մասին օրենքը քննարկման փուլում է. ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
ՄշակույթԿինոյի մասին ՀՀ օրենքի նախագիծը քննարկման փուլում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 23-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
«Կինոյի մասին օրենքի բացակայությունը չի խոչընդոտի Հայաստանի` Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հեղինակավոր հիմնադրամին անդամակցությանը: Կինոյի մասին օրենքը հիմա քննարկման փուլում է: Մենք ինչ-որ տեղ «Եվրիմաժի» անդամակցության հետ կապված որոշ շտկումներ ենք փորձում մտցնել օրենքում: Առաջիկայում օրենքը համընդհանուր քննարկման կդրվի և կներկայացվի կառավարություն»,- նշեց Արթուր Պողոսյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ 2015 թվականի մարտին տեղի է ունեցել «Կինոյի մասին» օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները: